Ակլատիզ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է կախարդական  ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Ասում են՝ այն ժամանակներում, երբ օրացույց չկար, Մեծ պասի յոթ շաբաթների փոխարեն մամիկները յոթ փետուր են խփել երդիկից կախված մի մեծ սոխի և անունը կնքել ակլատիզ: Եվ ահա ակլատիզը, յոթ փետուրները չորս կողմ տարածած, պտտվել է թոնրից եկող տաքությունից: Պտտվել է մեկ աջ, մեկ ձախ և այսպես հոգի է ձեռք բերել, կենդանացել: Մամիկներն ամեն օր այս պտտվող ակլատիզի աչքի առաջ տուն ու տեղ են մաքրել, եփել-թափել, քուրսին նստած հեքիաթ պատմել, հիվանդի գլխին Նարեկ կարդացել, որ չարը խափանվի, իսկ շաբաթը լրանալիս մի փետուր են նրանից պոկել: Վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելուն պես եկել է Սուրբ Զատիկն ու բոլորն իրար ողջունել են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխան ստացել՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Յոթ շաբաթվա ընթացքում ակլատիզը հատ-հատ կորցնում է փետուրներն իր, շաբթեշաբաթ հյուծվելով, փետուրները քամուն տալով՝ ընդառաջ է գնում մահվան, բայց դա խաբկանք է միայն: Վերջին փետուրը պոկվելուն պես ծնվում է նա վերափոխված ու ծնունդն այդ պերճ գարունն է, բնությունը զարթոնք ապրած, որ տոնվում է՝ Կարմիր Զատիկ անուն առած: Ասում են, թե ամեն տարի Զատիկի շաբաթ օրը վերսկսվում է ակլատիզ կամ Մեծ պաս պապի և Ուտիս (ամեն բան ուտել թույլատրող) տատի կռիվը: Եթե բարեկենդանի վերջում հաղթել էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկել պասի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում է արդեն Ուտիս տատը: Պարտված ակլատիզ պապը, մամիկներին ճլպուր ապուր եփելու համար թողնելով իր հարության նշանը՝ յոթ շաբաթում թոնրի ջերմությունից ծլարձակած սոխը, այդ օրը թռչուն է դառնում ու թևին տալիս՝ ետ դառնալու իրավունքով: Ասում են, թե իբր ակլատիզն առասպելական հրեշ է և պատահական չէ, որ մեծերը դրանով են վախեցրել պաս չպահող երեխեքին՝
-Ձու չուտես, տե՛ս, թե չէ վերևից կիջնի ակլատիզն ու կհանի քո աչքերը:
-Մսեղեն էլ չպահանջես, թե չէ ակլատիզը կմրմռացնի քո աչքերը, դեռ բերանդ էլ տաքդեղ կածի:
Եվ ահա Զատիկի շաբաթ օրը ակլատիզի՝ այդ հրեշի դեմ ոխ պահած երեխաները վար են բերում երդիկից նրան, ոտնատակ տալիս, ճիպտում, քարծեծ անում, վերջին՝ յոթերորդ փետուրն էլ ջարդում, դեն նետում ու ասում. «Ճիճու ճիճվանքը՝ դուրս, ցորեն գարին՝ ներս»: Վերջում էլ ակլատիզին տանում նետում են հոսող ջուրը՝ասելով.
Ձմեռն անցավ, գարունն եկավ,
Պասը գնաց, ուտիսն եկավ,
Քաշվի, կորի, Զատիկն եկավ:
Ասում են նաև, որ ակլատիզը կերպարանափոխված թռչուն է, որն ամեն տարի մի ձու է ածում: Յոթ փետուր, այսինքն՝ յոթ շաբաթ, նա մարդկանց օջախներում, թոնիրների վերևում պտույտ տալով տաքացնում է իր ձուն, ահա և յոթերորդ փետուրը կորցնելու օրը թռչնի կերպարանք ստանում թռչում, հեռանում է, որ երկնքի մեջ բաց թողնի իր ձուն:

Ու հենց գցի երկնքից ցած, ձուն այս իսկույն ճաքեր կտա կայծակների որոտումով, ու անշնչից ծնունդ կառնի շնչավորը: Բոլոր փետուրները պոկելուց հետո միոտանի ակլատիզ պապը թռչուն դառած թռչում հեռանում է, նրան դեռ երկար հիշում են երեխաները: Սրած փայտի բութ ծայրին ամրացնում են նրանք վերջին փետուրն ակլատիզի և վեր ու առաջ նետելով՝ գոռում-գոչում.
Տի՜զ-տի՜զ,
Ակլատի՜զ…
Եվ պոչին փետուր ամրացված փայտիկը թռչում ու սուր ծայրով հողի մեջ է ցցվում՝ ճիշտ խատուտիկի կողքին, որի սպիտակ փուփուլներն ու միակ ոտքը այնքան հիշեցնում են գարուն բերող ակլատիզին:
Ասում են՝ ակլատիզ-բռնեբիբիզ պապի յոթերորդ փետուրը ընկնելով գետին՝ վերածվում է խատուտիկի: Սոխն՝ արմատն է հողում, փետուրները՝ տերևներն են՝ գետնի վրա սփռված, միակ ոտքը՝ երկար ցողուն է ահա, որ ճոճվում է անընդհատ, իսկ գլուխը՝ գլուխ է սովորական, միայն վրան մազի տեղակ փուփուլներ կան բազմահազար: Ու երբ մարդիկ շատ են ուզում հեռվում ապրող հարազատին մի բարի լուր ուղարկել, դիմում են միշտ խատուտիկին: Հենց փչում են ու թռցնում փուփուլիկները նրա, հովի թևով, քամու բերնով արագ թռչում, տեղ են հասնում, բարի լուրը ավետում: Ակլատիզը նաև հուսաբեր էր: Նա կարող էր խեր բերել, ուրախ տարի ապահովել, դուրս վռնդել չարիքը և ապահովել բարին: Շիրակում , օրինակ, հավաքում էին Ակլատիզի փետուրները , խուրձ անում և հաց թխելիս այդ խրձով մաքրում սեղանի ալյուրը: Փետուրները երբեմն պահում էին ներքնակի տակ` մինչև հաջորդ Մեծ պաս: Հավատում էին, որ դրանք կապահովեն բարեկեցությունը: Ակլատիզին էին դիմում նաև անհատական խնդրանքներով.`«Սուրբ Ակլատիզ, կատարիր խնդրանքս, ես քեզ մատաղ կանեմ»: Նրա վերջին փետուրով ալաշկերտցիները գուշակություն էին անում: Փետուրը երդիկից վայր էին նետում, եթե մեջքի վրա էր ընկնում, լավ նշան էր համարվում, եթե կոր մասով վայր` հավատում էին, որ տան երեխաներից մեկը հիվանդանալու է:Միաժամանակ Ակլատիզը տառապյալ կերպար էր: Նա գիտեր իր կյանքի կարճատևությունը և «չվանը վզին» սպասում էր իր «գանահարմանն» ու դուրս վռնդմանը:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s